Արդյոք կարո՞ղ են երեխաները կրել կոնտակտային ոսպնյակներ:
Վերջին տարիներին մանկական ակնաբուժական պրակտիկայում կոնտակտային ոսպնյակների օգտագործման խնդիրն ավելի է կարեւորվել։ Այն կապված է երեխաների մոտ տեսողության կոնտակտային շտկման աճող անհրաժեշտության եւ մանկական ակնաբուժական պրակտիկայի հետ կապված դրա հնարավորությունների բարելավման հետ:
Ներկայումս երեխաների մոտ կոնտակտային ոսպնյակների օգտագործման ցուցումները նույնն են, ինչ մեծահասակների համար (որոշակի հատուկ սահմանափակումներով)։
Ըստ ակնաբույժների, կոնտակտային ոսպնյակ կրողների 10-ից 4-ը դպրոցական տարիքի երեխաներ են:
Աշխարհում կոնտակտային ոսպնյակներ կրողների միջին տարիքը 31 տարեկանն է: Կոնտակտային ոսպնյակներ կրողների մոտ 8%-ը 18 տարեկանից ցածր է, 17%-ը` 18-24 տարեկան, իսկ 25 եւ ավելի բարձր տարիքի մեծահասակների 75%-ը կրում է կոնտակտներ:
Ամերիկյան Օպտոմետրիայի Ասոցիացիայի (ADA) տվյալներով` ԱՄՆ-ում մոտավորապես 45 միլիոն մարդ կրում է կոնտակտային ոսպնյակներ, իսկ մինչեւ 17 տարեկան երեխաների 14,5%-ը կրում է կոնտակտային ոսպնյակներ:
Ո՞ր տեսակի կոնտակտային ոսպնյակներն են առավել հարմար երեխաների համար:
Մինչեւ 12 տարեկան երեխաներին ամենից հաճախ նշանակում են ամենօրյա մեկանգամյա օգտագործման փափուկ կոնտակտային ոսպնյակներ: Կոնտակտային ոսպնյակ կրող երեխաների 93%-ը փափուկ կոնտակտային ոսպնյակներ են կրում:
12 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար բազմակի օգտագործման կոնտակտային ոսպնյակները նույնպես կարող են տարբերակ լինել. դրանք կարող են փոխարինվել երկու շաբաթը մեկ կամ ամիսը մեկ անգամ՝ կախված տեսակից:
Այնուամենայնիվ, մեկանգամյա օգտագործման եւ ամենօրյա փոխարինման կոնտակտային ոսպնյակները նշանակվում են հիմնականում աղտոտվածությունից խուսափելու համար, որոնք կարող են առաջանալ մեկից ավելի անգամ կրած կոնտակտային ոսպնյակների անբավարար ախտահանման հետեւանքով:
Ե՞րբ է երեխան պատրաստ կոնտակտային ոսպնյակներ կրել։
Օպտոմետրիստների մեծ մասը կարծում է, որ կոնտակտային ոսպնյակներ կրելու համար օպտիմալ տարիքը 10-12 տարեկանն է։ Բայց կախված կոնտակտային շտկման ցուցումներից կարելի է կրել ցանկացած տարիքում:
Տարիքը երեխաների համար փափուկ կոնտակտային ոսպնյակների օգտագործման հակացուցում չէ:
Եթե մտածում եք Ձեր երեխայի համար կոնտակտային ոսպնյակներ ընտրել, նախ ինքներդ Ձեզ հարցրեք՝ արդյո՞ք իմ երեխան ունի անձնական հիգիենայի պահպանման լավ սովորություններ: Արդյո՞ք իմ երեխան լավ է կատարում իր պարտականությունները: Եթե պատասխանն «այո» է այս 2 հարցերին, ապա Ձեր երեխան կարող է լինել կոնտակտային ոսպնյակներ կրելու համար հիանալի թեկնածու։
Երեխաները կարող են ապահով եւ հաջողությամբ կրել կոնտակտային ոսպնյակներ, եթե դրանց նկատմամբ պատշաճ կերպով հոգ տարվի։ Սա հաճախ նշանակում է ունենալ ծնողի կամ այլ չափահասի աջակցությունը, որը կօգնի ճիշտ կրել, խնամել եւ նվազեցնել աչքի վարակների ու այլ բարդությունների ռիսկը:
Ընդհանուր առմամբ, մեծ տարիքի երեխաները սովորաբար շատ մոտիվացված են կոնտակտային ոսպնյակներ կրելու համար եւ սովորաբար շատ արագ հարմարվում են դրանց: Մյուս ցուցումներն են` երեխայի օպտիկական դեղատոմսը, սպորտով զբաղվելը եւ ինքնագնահատականի մակարդակը։